ՀՀ սփյուռքի նախարարին Վատիկանում ընդունեց Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը
Փետրվարի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին Վատիկանում ընդունեց Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը:
Նույն օրը Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի ուղեկցությամբ նախարար Հ.Հակոբյանն այցելեց Հռոմի Լևոնյան հայկական վարժարան, որտեղ հանդիպեց Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչների, «Ռադիովատիկանի» հայերեն հաղորդումների անձնակազմի, ինչպես նաև հոգևորականների ու վարժարանի սաների հետ:
Փետրվարի 9-ին Հ.Հակոբյանը հանդիպեց «Արտաքսված և վտարանդի անձանց եվրոպական միություն» կազմակերպության գլխավոր քարտուղար պարոն Մասիմիլիանո Լակոտային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փետրվարի 10-11-կազմակերպվելիք «Հայկական օրերի»-ն առնչվող հարցեր:
«Հայկական օրեր» միջոցառումների շարքը բաղկացած էր երեք մասից` հայ-իտալական գործարար համաժողով, հայ մշակույթի ներկայացում և «Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» խորագրով միջազգային գիտական համաժողովի կազմակերպում:
Փետրվարի 10-ին նախարար Հ.Հակոբյանը հանդիպեց Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետ Ռենցո Տոնդոյին: Նահանգապետն անդրադարձավ հայ-իտալական ավանդական բարեկամական կապերին` կարևորելով առևտրատնտեսական, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորոլորտներում հարաբերությունների զարգացումը: Քննարկվեցին Հայաստանի տնտեսությունում իտալական կապիտալի ընդլայնման, մարզային կապերի ու գործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր:
Նույն օրը Տրիեստի կառավարության սրահում նախարարը հանդիպեց Տրիեստի պրեֆեկտ Ալեսանդրո Գիաչետիին: Քննարկվեցին գյուղատնտեսության, արդյունաբերության, հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
Այնուհետ Հ.Հակոբյանը հանդիպեց Տրիեստի փոխքաղաքապետին: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին Հայաստանի և Իտալիայի քաղաքների համագործակցության ակտիվացմանն ու զարգազմանը վերաբերող հարցեր:
Նույն օրը մարզի նախագահ Մարիա Թերեզա Բասա Պորոպատի, աշխատանքի և կրթության նախարարների մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ և իտալացի երիտասարդների փոխայցելությունների ակտիվացմանը, հայաստանյան բուհերում իտալերենի ուսուցման խորացմանը, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում գործող իտալերենի կենտրոնին աջակցություն ցուցաբերելուն առնչվող հարցեր:
Փետրվարի 10-ին Տրիեստի առևտրաարդյունաբերական պալատում նախարար Հ.Հակոբյանը մասնակցեց հայ-իտալական գործարար համաժողովին: Բացման խոսքում նախարարն անդրադարձավ Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը, դրական զարգացումներին, երկրում ներդրումների խթանման ուղղությամբ ստեղծված բարենպաստ տնտեսական միջավայրին: Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին և Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը:
Համաժողովի ընթացքում ստեղծվել էր հայկական արտադրանքի անկյուն, որտեղ ներկայացված էին հայկական արտադրության հայտնի ապրանքանիշեր: Դրանք մեծ հետաքրքրություն առաջացրեցին մասնակիցների շրջանում: Իր հերթին Հայկական զարգացման գործակալության ներկայացուցիչ Լուսինե Թումյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման միտումները: Համաժողովից հետո տեղի գործարանները մասնակիցների համար ճանաչողական շրջայց կազմակերպվեցին:
Փետրվարի 11-ին Իտալիայի Տրիեստ քաղաքում հայկական օրերի շրջանակներում կայացավ նաև «Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին արաբ, թուրք, ֆրանսիացի, իտալացի, հայ գիտնականներ, մասնագետներ: Գիտաժողովին հնչեցին Իտալիայի Սենատի նախագահի և ԱԳ նախարարի ողջույնի խոսքերը:
ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը հանդես եկավ զեկույցով` անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը և նշելով, որ Սենատի անդամները և Ֆրանսիայի նախագահը անտեսեցին թուրքական սպառնալիքներն ու հիստերիան և պաշտպանեցին իրենց քաղաքացիների օրինական իրավունքներն ու ազատությունները` այն վեր դասելով քաղաքական նպատակահարմարությունից: Նրանք օգնեցին թուրք հասարակությանը ավելի լավ ճանաչելու իր պատմությունը, հասկանալու, որ ինքն ապրում է կեղծիքի ու խաբեության մեջ:
Ընդհանրացնելով ասելիքը` Հ.Հակոբյանը շեշտեց,- «Այսօր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, նրա հետևանքների հնարավոր վերացմանն ուղղված գործընթացները ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի առաջնահերթություններից են, այլև համամարդկային խնդիր, միջազգային իրավունքի հրատապ հարց, որի լուծումը կդառնա մեծ դաս նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում և կնպաստի մարդկության խաղաղ ապագայի կերտմանը»:
Ներկաներին ողջունեցին ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազար դեսպան Բրունո Սկապինին, «Արտաքսված և վտարանդի անձանց եվրոպական միություն» կազմակերպության գլխավոր քարտուղար պարոն Մասիմիլիանո Լակոտան, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:
Երեկոյան տեղի ունեցավ հայաշունչ և հայաբույր համերգ Հայաստանից մեկնած «Ծաղկազարդ» համույթի մասնակցությամբ, որը հիացրեց հայ և իտալացի հանդեսատեսին:
Օրվա երկրորդ կեսին նախարարը մեկնեց Ուդինե քաղաք: Հ.Հակոբյանը հանդիպեց քաղաքապետի և մարզի բնապահպանության նախարարի հետ: Այնուհետև Հ.Հակոբյանը այցելեց Ուդինեի Հայոց ցեղասպանությանը զոհերի հիշատակին նվիրված այգի և ծաղկեպսակ դրեց զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին:
Վերջում Հրանուշ Հակոբյանն ամփոփեց «Հայկական օրեր» ձեռնարկի արդյունքները, որն, անշուշտ, մի նոր ազդակ կդառնա քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային կապերի զարգացման, հայ-իտալական բարեկամության ամրապնդման համար:



Post your comment