Նոր տարւայ առիթով կազմակերպւած խնջոյք՝ Նոր Ջուղայի հայոց ազգային ծերանոցում
Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան վարչութեան, յունւարի 2-ին, կ.յ. ժամը 4-ին, Հայոց ազգային ծերանոցում կազմակերպւել էր խրախճանք՝ Նոր տարւայ առիթով։ Խրախճանքին ներկայ էին՝ միութեան անդամուհիները, Ազգային ծերանոցի բնակիչներն ու պատասխանատուները եւ հայոց ազգային «Արմէն» նախակրթարանի տեսչութիւնը, ուսուցչական կազմը, ծնողական խորհուրդը եւ սաները։ Խրախճանքը բացւած յայտարարւեց միութեան նորընտիր վարչութեան նախագահ Լիդա Վարդեւանեանի ողջոյնի խօսքով։ Նա շնորհաւորելով Նոր տարին՝ տարեցներին ուղղեց ամենաջերմ բարեմաղթանքները։ Լ. Վարդեւանեանը վարչութեան անունից շնորհակալական խօսք ուղղեց Մագի Միրզայեանին, որը տարիներ ստանձնելով ծերանոցի պատասխանատւութիւնը՝ որեւէ ջանք չի խնայել լաւագոյն կերպով այն կառավարելու համար, նաեւ շնորհակալութիւն յայտնեց Նոր Ջուղայի հայոց ազգային «Արմէն» նախակրթարանի տեսչութեանը եւ ուսուցչական կազմին, որ չմերժելով միութեան հրաւէրը՝ իրենց ներկայութեամբ առաւել հաճելի պահեր նւիրեցին բոլորին։ Ապա աշակերտ-ուհիները, որ ներկայացել էին գորտի, նապաստակի եւ այլ կերպարներով, սկսեցին ասմունքել, երգել ու շուրջպար բռնել։ Նրանց մանուկ սրտերից եւ քաղցր շուրթերից հնչող խօսքերը մեծ խանդավառութիւն ստեղծեցին ներկաների եւ ի մասնաւորի տարեցների մօտ, որովհետեւ փոքրիկները նրանց նկատմամբ վերաբերւում էին իրենց հարազատ տատիկ-պապիկների նման։ Սաների կատարումներից յետոյ՝ դահլիճ մտան երկու Ձմեռ պապիկներ եւ Ձիւնանուշը, որոնք շնորհաւորեցին Նոր տարին եւ մանուկների հետ սկսեցին պարել եւ տարեցներին եւս հրաւիրեցին՝ պարելու։ Այնուհետեւ Կանանց գթութեան միութեան անդամուհի Նւարդ Փանոսեանը արտայայտեց իր խօսքը եւ տեղեկութիւններ փոխանցեց Նոր տարւայ, Սուրբ Ծննդեան եւ Ջրօրհնէքի մասին, պատմեց նաեւ եղեւնու Նոր տարւայ խորհրդանիշ դառնալու մասին, իսկ վերջում շնորհաւորելով բոլորին՝ ցանկացաւ, որ այս տարին լինի առողջութեան եւ յաջողութեան տարի։
Այս արտայայտութիւններից յետոյ՝ աշակերտների ձեռամբ տօնական մրգեր բաժանւեցին տարեցների միջեւ, որից յետոյ իրենք եւս ստացան միութեան կողմից պատրաստւած գեղեցիկ փաթեթաւորւած նւէրները։ Հարկ է նշել, որ Կանանց գթութեան միութեան վարչութիւնը առիթը յարմար համարելով՝ պատրաստել էր գնահատագրեր, որոնք յանձնեց այն բոլոր անդամուհիներին, ովքեր առաւել քան 20 տարի նւիրումով աշխատել են միութեան վերելքի եւ յառաջադիմութեան համար, որոնք են՝ Ժերմէն Բաբայեանը, Էմիկ Վարդանեանը, Սիրան Յովհաննիսեանը, Օֆիկ Ոսկանեանը, Գեօզալ Միրզայեանը, Մարի Մինասեանը, Քրիստ Պօղոսեանը, Անուշ Մելիքեանը, Նւարդ Շահնազարեանը եւ Երան Միրզայեանը։ Վերոնշեալ գնահատագրերի շնորհման ընթացքում իւրաքանչիւր միութենական արտայայտում էր իր շնորհակալական խօսքը, յոյզերը եւ մաղթանքները։Ձմեռ պապիկները եւ Ձիւնանուշը նւէրներ բաժանեցին տարեցներին, միութեան անդամուհիներին, ծերանոցի պատասխանատուներին եւ աշխատողներին, որից յետոյ շարունակւեց խնջոյքը։
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
Գնահատէք այս թեման




Պատգամներ (0 posted):
Գրանցէք ձեր պատգամը