Մոթթաքին ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի նախօրեին կայացած հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը դրական է գնահատել հայ-իրանական բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունները:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվական վարչությունից, Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակությամբ են նշել, որ պարբերական բարձր մակարդակի շփումներն ու փոխադարձ այցերը վկայում են Հայաստանի և Իրանի հարաբերությունների և համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ շահագրգռվածության մասին:
Նկատենք, որ Իրանի ԱԳ նախարարը Երևանում է գտնվում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման համատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Մոթթաքին վստահություն են հայտնել, որ Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը կանցնի արդյունավետ և բարձր մակարդակով: Երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը, ինչը երկկողմ համագործակցության խորացման նոր հնարավորություններ կընձեռի:
Էդվարդ Նալբանդյանն ու Մանուչեհր Մոթթաքին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման վերաբերյալ:
Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:
Նախարարներն արծարծել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Նախարար Մոթթաքին ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը:
Նախարար Մոթթաքին Էդվարդ Նալբանդյանին է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները:
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
Գնահատէք այս թեման




Պատգամներ (0 posted):
Գրանցէք ձեր պատգամը