Home | Համայնքի Լուրեր | Գործադիր՝ Թեմական խորհրդի զեկոյց եւ ենթայանձնաժողովների գործունէութեան լսումներ՝ օրէնսդիրի նիստում

Գործադիր՝ Թեմական խորհրդի զեկոյց եւ ենթայանձնաժողովների գործունէութեան լսումներ՝ օրէնսդիրի նիստում

Font size: Decrease font Enlarge font
Գործադիր՝ Թեմական խորհրդի զեկոյց եւ ենթայանձնաժողովների գործունէութեան լսումներ՝ օրէնսդիրի նիստում

Պատգամաւորական ժողովի 2012 թւականի առաջին նիստը

Օրեր առաջ անդրադարձանք Պատգամաւորական ժողովի երէկ եւ այսօր կայացող նիստերի օրակարգերին, օրակարգեր, որոնք պէտք է քննարկէին պատգամաւորները: Եւ այսպէս՝ յունւարի 17-ի երեկոյեան՝ առաջնորդարանի ընդունելութիւնների դահլիճում՝ օրէնսդիրների քւորում ապահովող թւաքանակով՝ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Գէորգ Աբուլեանի Օրէնսդիր մարմինն սկսեց իր աշխատանքը, որի ծիրում պէտք է քննարկէր ութ կէտից բաղկացած օրակարգ: Իհարկէ, այս օրակարգը տարածւում է երկու օրերի վրայ:
Մինչ նիստը կանցնէր իր բուն թեմատիկային՝ Սրբազան Հայրը առիթից օգտւելով՝ պատգամաւորներին շնորհաւորեց Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով:
Օրակարգի հարցերի քննարկման հերթակարգում փոփոխութիւններ անելուց յետոյ՝ ժողովն սկսեց իր աշխատանքը: Պատգամաւորները յստակեցում մտցրեցին ընթերցւած նախկին նիստերի արձանագրութիւններում: Դիւանի ատենապետ պրն. Աբուլեանն ուշադրութեան յանձնեց ստացած գրութիւնները՝ ի տեղեկութիւն եւ եթէ կարիք կայ, ի հաստատում:
Ըստ հերթակարգը փոխած օրակարգի՝ խօսքը տրւեց Թեմական խորհրդի ատենապետ Էդւարդ Բաբախանեանին, որը ազգային մարմիններում, ինչպիսիք են՝ Դատական, Հաշւեքննիչ եւ այլն, համալրման նպատակով իրենց կողմից ճշտորոշւած անհատների անունները ներկայացրեց՝ ի հաստատում պատգամաւորների, որոնք էլ դրւեցին քւէարկութեան՝ ըստ կանոնագրի գործող կէտի:
Պրն. Բաբախանեանի զեկոյցը խօսուն եւ յագեցած ու սպառիչ լինելով հանդերձ՝ բնականաբար, հարցերի տեղիք է տալիս: Հէնց մեզ մօտ առաջ եկած հարցերից մէկն այն է, թէ «Թունեան» նորակառոյց դպրոցի կողքին վերյառնող «Սասուն» մանկապարտէզի շինարարական աշխատանքների աւարտին եւ վերջնական շահագործման յանձնելու ժամկէտներին անգամներ մօտաւոր ժամանակացոյցեր են նշւել, որոնցից վերջինը, որ մարտ ամսին պէտք է յանձնւի շահագործման, բայց երէկ, ինչպէս կարելի էր կռահել պրն. Բաբախանեանի խօսքից, այն վերջնական տեսքի կը բերւի առաջիկայ ուսումնական տարւայ սկզբին. հարց, որը հէնց տեղում էլ զարմանք առաջացրեց: Իհարկէ, արդարացի լինելու համար՝ նշենք նաեւ, որ առաջ եկած հարցի առնչութեամբ անգամներ Թեմական խորհրդի ատենապետը շեշտել է, որ կառոյցը որակեալ հիմքերով աւարտին հասցնելու համար՝ աճապարել անհրաժեշտ չէ, կարեւորը որակն է, եւ սա է հիմնական պատճառը, որ աշխատանքները դանդաղ են ընթանում:
Ընդմիջումից յետոյ՝ նիստը նախագահեց ՊԺ-ի երկրորդ ատենապետ Ռոբերտ Մարգարեանը եւ անմիջապէս օրէնսդիրներն անցում կատարեցին չորս ենթայանձնաժողովների աշխատանքների զեկոյցների լսմանը, որտեղ որպէս չորս բոլոր ենթայանձնաժողովների աշխատանքը վերահսկող ղեկավար՝ ելոյթ ունեցաւ Էմիլ Մնացականեանը՝ ներկայացնելով այս զեկոյցների նպատակը եւ առանձնացւած կարեւոր հիմնահարցերը:
Հասարակական ենթայանձնաժողովի զեկոյցը պատգամաւորների դատին յանձնեց ենթայանձնաժողովի անդամ Սեդա Թարվերդեանը: Այս ծիրում առաջ եկած հարցերին ի պատասխան եւ ի լրացում՝ մանրամասներ ներկայացրեց Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը՝ շեշտելով, որ մէկ-երկու ամիս յետոյ արդէն եզրակացութեամբ հանդէս կը գան այս հարցերի առնչութեամբ:
Տնտեսական ենթայանձնաժողովի արդիւնքները ներկայացրեց Էդիկ Ղահրամանեանը:
Կրթական ենթայանձնաժողովի զեկոյցը ներկայացրեց Վահէ Բաբայեանը:
Եւ Կազմակերպչական ու կառոյցային ենթայանձնաժողովի գործունէութեան զեկոյցը ներկայացրեց Ռոբերտ Մարգարեանը:
Այս շրջագծում մեր՝ լրագրողներիս որպէս մամուլ՝ պէտք է նախանձախնդիր դարձնի այս ենթայանձնաժողովների աշխատանքներին մեր ակտիւ ներկայութիւնը՝ հարցերին աւելի թափանցիկութիւն հաղորդելու նպատակով, քանզի կայացող ժողովների ընդմիջից կտրւում է օրէնսդիրի գործունէութեան աշխատանքներին աչալրջօրէն հետեւող թելը: Սա՝ իմիջիայլոց... առ ի ուշադրութիւն օրէնսդիրների եւ յուսով, որ շատ շուտով մեր մուտքը արտօնւի նաեւ ենթայանձնաժողովների աշխատանքներում:
Վերջում անհրաժեշտ ենք համարում նշել Պատգամաւորական ժողովի գործունէութեան հակիրճ «սանդղակ»: Շուրջ քառամեայ գործունէութիւն ծաւալած 14-րդ Պատգամաւորական ժողովը, որն իր տրամաբանական աւարտին կը հասնի այս տարւայ նոյեմբերին, մինչ այս՝ հասցրել է գումարել 30 նիստեր, որտեղ մեզ համար որպէս կարեւոր ձեռքբերում՝ եղել է մամուլի ներկայացուցիչների մասնակցութիւնը նիստերին, որն արձանագրւել է կանոնադրութեամբ:
Օրէնսդիրն իր աշխատանքները կը շարունակի այսօր:

Subscribe to comments feed Comments (0 posted):

total: | displaying:

Post your comment comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Please enter the code you see in the image:

  • email Email to a friend
  • print Print version
  • Plain text Plain text
Tagged as:
No tags for this article
Rate this article
0