Home | Համայնքի Լուրեր | Թաւրիզի հայոց ազգ. դպրոցի նախաձեռնած ամանորեայ միջոցառումներ

Թաւրիզի հայոց ազգ. դպրոցի նախաձեռնած ամանորեայ միջոցառումներ

Font size: Decrease font Enlarge font
Թաւրիզի հայոց ազգ. դպրոցի նախաձեռնած ամանորեայ միջոցառումներ

Ատրպատականի հայոց Թեմական խորհրդի հովանաւորութեամբ ու Թաւրիզի հայոց ազգ. դպրոցի նախաձեռնութեամբ Թաւրիզի հայ համայնքը մէկ անգամ եւս առիթ ունեցաւ 2001 թ. դեկտ. 31-ի երեկոյեան համախմբւելով «Հ. Ոսկանեան» ազգ. սրահում՝ միասին դիմաւորելու 2012 թւականը:

Թաւրիզի հայոց դպրոցի ծնողական խորհրդի անդամները ոչ մի ջանք չէին խնայել, որպէսզի սրահն ունենայ տօնական տեսք ու սեղանները լինեն առատ...

Նոր տարւայ դիմաւորման այս երեկոյթին մասնակցած աւելի քան 150 ներկաներին ողջունեց հայոց դպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեանը եւ շնորհաւորեց Նոր տարին՝ բոլորին մաղթելով երջանկութիւն ու նորանոր յաջողութիւններ, իսկ շնորհաւորական խօսքով արտայայտւել են նաեւ Թաւրիզի միութիւնների ու մարմինների վարչութիւնների եւ պատասխանատու կազմերի ներկայացուցիչները:

Նոր տարւայ դիմաւորման այդ միջոցառման տօնական եւ ուրախ մթնոլորտում Ձմեռ պապիկի դերում էր Կարէն Սարգսեանը, որն իր հերթին բարեմաղթանքներով շնորհաւորեց բոլորի Նոր տարին:

Նոյն օրը, առաւօտեան ժամը 11-ին, Թաւրիզի հայոց դպրոցի «Սահակեան» շէնքի սրահում էին համախմբւել դպրոցի աշակերտները եւ ուսուցչական կազմը, որոնց պիտի հիւր գար Ձմեռ պապիկը, իսկ մինչ այդ՝ ներկաներին ողջունեց աշակերտուհի Էլին Մնացականեանը՝ ներկայացնելով կայանալիք ծրագիրը:

Ապա հայոց դպրոցի երգի ուսուցչուհի Նարինէ Սայեադեանի ղեկավարութեամբ խմբերգերով հանդէս եկան աշակերտ-աշակերտուհիները, իսկ նրանցից ոմանք արտասանեցին ու մեներգեցին: 

Սոյն ծրագրում ողջոյնի ու շնորհաւորական խօսքով արտայայտւեց տեսչուհի Արմինէ Վահրամեանը: Նա ընթերցեց նաեւ Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի (3-րդ շրջանի) տնօրէն Աբդոլահիի յղած շնորհաւորական գիրը: Տկն. Վահրամեանը հերթականօրէն խօսք յանձնեց Ատրպատականի հայոց Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանէին, հայոց դպրոցի հոգաբարձութեան անդամ Մադլէն Առաքելեա-նին, ՀՕՄ-ի «Ծերունի Գասպարեան» նախակրթարանի ուսուցչուհի Նայիրի Դիլանեանին, որոնք եւս իրենց հերթին շնորհաւորելով Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօները՝ մաղթեցին, որ գալիք տարին բոլոր աշակերտների համար լինի յաջողութիւնների տարի...

Ձմեռ պապիկի դիմաւորման այս միջոցառման արտայայտւողների շարքում խօսք առաւ հայոց դպրոցի ուսուցիչներից տկն. Փահլեւանին: Նա եւս շնորհաւորեց Նոր տարին ու յաջողութիւններ մաղթեց իր հայ գործընկերներին եւ աշակերտութեանը, իսկ Նոր տարւայ առիթով դպրոցի ուսուցիչների նւէրը յանձնեց տկն. Վահրամեանին:

Քիչ անց սրահ մուտք գործեց Ձմեռ պապիկն ու բոլորին տւեց իր բարեմաղթանքները, ապա սկսեց բաժանել իր նւէրների կապոցները, որ ամենայն բծախնդրութեամբ պատրաստել էին ծնողական խորհրդի անդամները: Ձմեռ պապիկն ուրախութիւն բերեց իր հետ ու խանդավառեց հայոց դպրոցի աշակերտներին եւ ի թիւս նրանց՝ ՀՕՄ-ի «Ծ. Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի փոքրիկ սաներին, որոնք իրենց ուսուցիչների եւ ծնողների ուղեկցութեամբ հիւրաբար մասնակցում էին հայոց դպրոցի ամանորեայ այդ միջոցառմանը:

Թաւրիզի հայոց դպրոցի ամանորեայ վերջին միջոցառումը տեղի ունեցաւ Ատրպատականի հայոց Թեմական խորհրդի հովանաւորութեամբ, թւականիս յունւարի 4-ի երեկոյեան, Թաւրիզի «Հ. Ոսկանեան» ազգ. սրահում: Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի նախագահութեամբ տեղի ունեցող այս հանդիսութեանը ներկայ էին թեմի ազգային իշխանութեանց՝ Պատգ. ժողովի ու Թեմական խորհրդի անդամները, միութիւնների ու մարմինների անդամները, դպրոցի տեսչութիւնն եւ ուսուցչական կազմը, աշակերտութեան ծնողներն ու մեծ թւով հանդիսականներ, որոնք նախեւառաջ յոտնկայս ունկնդրեցին Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմներգը, որից յետոյ հանդիսութեան բացման խօսքով արտայայտւեց ուսուցչուհի Լուսիկ Դանղեանը: Նա շնորհաւորելով Նոր տարին՝ ներկայացրեց օրւայ միջոցառման ծրագիրը:

Այնուհետեւ բեմ բարձրացան հայոց դպրոցի աշակերտ-աշակերտուհիները, որոնք իրենց երգի ու երաժշտութեան ուսուցչուհի Նարինէ Սայեադեանի ղեկավարութեամբ ելոյթ ունեցան խմբերգերով ու մեներգերով, իսկ աշակերտներից ոմանք էլ հանդէս եկան արտասանութիւններով: Սոյն հանդիսութեան ընթացքում աշակերտներից մի խմբի միջոցով եւ դերուսուցութեամբ արւեստագիտուհի Մարուսիա Վահրամեանի հանդիսատեսին ներկայացւեց թատերական ուսուցանելի մի պատմութիւն, որը հանդիսատեսը գնահատեց իր բուռն ծափերով:

Ամանորեայ այս ձեռնարկից չբացակայեց ամենքի կողմից այնքան սիրւած Ձմեռ պապիկը, որի դերն իրականացնողն էր դպրոցի աշակերտներից Գրիգոր Վարդանեանը: Ձմեռ պապիկն իր բարեմաղթանքներն ու խրատները փոխանցեց հանդիսականներին ու բեմից հեռացաւ՝ յաջորդ տարի եւս հանդիպելու խոստումով: Ապա բեմ հրաւիրւեց դպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեանը՝ Նոր տարւայ առիթով իր պատգամը փոխանցելու համար: Նա յաջողութեան մաղթանքներով շնորհաւորեց Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօները՝ շեշտելով, որ մարդն իր անցած ուղուն յետադարձ հայեացք նետելով՝ պիտի դասեր առնի ու սրբագրելով սխալները՝ առաջ ընթանայ նոր ոգով:

Հանդիսութեան աւարտին բեմ հրաւիրւեց կաթողիկոսական փոխանորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը՝ իր հայրական պատգամով արտայայտւելու համար: Հայր Սուրբն իր ուրախութիւնը յայտնեց հայոց դպրոցի հանդիսութեանը նախագահելու առիթով՝ բարձր գնահատելով նաեւ կազմակերպւած միջոցառումը: Հայր Սուրբը շեշտելով նոր սերունդին հայեցի դաստիարակութիւն տալու կարեւորութիւնը՝ յորդորեց, որ պէտք է հաւատալ, որ մեր երեխաները ապագայում կարող են մեր ժողովրդի կեանքում մեծ աշխատանք տանել. չէ՞ որ նրանց փայլատակող աչքերում կարելի է տեսնել մեր թեմի ու մեր ազգի փայլուն ապագան:

Այսպիսով աւարտւեց հայոց դպրոցի Նոր տարւայ հանդիսութիւնը, որը կայացաւ տօնածառով ու փայլուն աստղերով զարդարւած բեմում:

Subscribe to comments feed Comments (0 posted):

total: | displaying:

Post your comment comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Please enter the code you see in the image:

  • email Email to a friend
  • print Print version
  • Plain text Plain text
Tagged as:
No tags for this article
Rate this article
0