Իրանահայ թատերական գործիչների միութեան ընդհանուր ժողովը
2011 թւականի ուրբաթ, դեկտեմբերի 23-ի առաւօտեան, «Վաչէ Յովսէփեան» մշակութային համալիրում, գումարւեց նորակազմ Իրանահայ թատերական գործիչների միութեան ընդհանուր ժողովը՝ օրակարգ ունենալով երեք խնդիրների քննարկում:
1- Միութեան կանոնադրութեան հաստատում
2- Անդամագրութեան հաստատում
3- Պաշտօնական թերթում յայտարարութեան որոշում
Ժողովը բացւած յայտարարեց միութեան ժամանակաւոր վարչութեան նախագահ Խոսրով Խաջաւեանը, որը նախ ներկայացրեց միութեան հիմնանպատակները եւ ապա յայտնեց, որ հանդիպման գլխաւոր նպատակը միութեան կանոնադրութեան հաստատումն է, որը պէտք է ներկայացւի իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան՝ առ ի վաւերացում:
Այնուհետեւ վաստակաւոր դերասան-բեմադրիչ Սուրէն Մնացականեանն ընտրւեց որպէս ընդհ. ժողովի նախագահ, իսկ միութենական Անդրանիկ Բունիաթեանը՝ քարտուղար:
Խօսքը տրւելով Սուրէն Մնացականեանին՝ նա նշեց միութեան գոյակոչման պատճառները, որոնցից գլխաւորը իրանահայ թատրոնի վերականգնումն է եւ թատերական աշխատանքների տնօրինումը՝ նոյնինքն թատերական գործիչների միջոցով, քանի որ իրանահայ թատրոնն անցեալում աշխոյժ գործընթաց է ունեցել եւ իրանահայ թատերական գործիչները մեծապէս նպաստել են Իրանի թատրոնի զարգացմանն ու վերելքին:
Ս. Մնացականեանն ապա անդրադարձաւ միութեան կեանքի կոչման հանգրւաններին՝ նշելով, որ միութիւնը հիմնւել է 2011 թւականի ապրիլին, մի քանի ժողովներ են գումարւել, ժամանակաւոր վարչութիւն է ընտրւել, բիւջէ է հայթայթւել եւ մտադրութիւն կայ աշխատանք տանել իրանահայ թատրոնի, յատկապէս՝ մանկական թատրոնի զարգացման ուղղութեամբ:
Այնուհետեւ միութենական Շաքէ Մնացականեանը յայտնեց, որ միութեան գոյակոչման մասին տեղեկանքներ են յղւել՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդին, Իրանում ՀՀ դեսպանատանը, թեմի ազգային կառոյցներին եւ միութիւններին, «Ալիք» հաստատութեանը, նաեւ Հայաստան՝ պատկան հաստատութիւններին, որոնցից շնորհաւորանքներ են ստացւել, որի համար միութիւնն իր երախտագիտութիւնն է յայտնում:
Ապա Խոսրով Խաջաւեանը ներկայացրեց միութեան ցայժմ տարած աշխատանքների զեկոյցը եւ ապագայ ծրագրերը, որից յետոյ ընթերցեց միութեան կանոնադրութիւնը, որը հաստատւեց ներկաների կողմից:
Միութեան կանոնադրութեան կէտերի կապակցութեամբ ներկաներն առաջարկներ ներկայացրին եւ հարցումներ ուղղեցին, որոնց տրւեցին հարկ եղած լուսաբանութիւններ, եղան նաեւ մտքերի փոխանակումներ: Այդ ընթացքում արծարծւեցին՝ միութեան բիւջէի, անդամավճարների, համայնքային եւ իրանական մամուլում յայտարարութիւններ տպագրելու, միութեան կենտրոնատեղի եւ գեղարւեստական տարբեր բաժանմունքներ ունենալու հարցերը:



Post your comment