Շահինշահրի «Նարօտ» մանկա-պատանեկան երգչախմբի ամանորեայ համերգը
Շահինշահրի «Նարօտ» մանկա-պատանեկան երգչախմբի առաջին համերգից արդէն անցել էր գրեթէ հինգ ամիս, բայց տպաւորութիւններն ու արձագանգները շատ էին եւ շատերն էին սպասում երգչախմբի յաջորդ ելոյթին։ Երգչախմբի ղեկավար Շահինշահրի հոգեւոր հովիւ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը այս համերգը նւիրել էր Ամանորին եւ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Ծննդեանն ու մկրտութեանը։
Համերգը կայացաւ յունւարի 11-ին «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում։ Դահլիճը մարդաշատ էր, հրաւիրւած էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Սպահանի հայոց թեմի Թեմական, Կրօնական ու Կրթական խորհուրդների ներկայացուցիչները եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ համայնքների կազմերի եւ միութիւնների ներկայացուցիչներ ու հրաւիրեալներ։
Բացման խօսքով հանդէս եկաւ Այլին Քեշիշեանը, որը ողջունեց ներկաներին, առիթը պատեհ համարելով՝ շնորհաւորեց բոլորի Ամանորը եւ մեր Փրկչի Սուրբ Ծնունդն ու Մկրտութիւնը։ Նա ներկայացրեց օրւայ համերգի ծրագիրը, որը բաղկացած էր Ծննդեան եւ Ամանորի մի շարք երգերից։
Բեմը յարդարւած էր օրւայ խորհրդին համապատասխան՝ լի գեղեցիկ տօնածառերով եւ զարդերով, իսկ բեմի անկիւնը զարդարում էր «Փրկիչ Յիսուս Մանուկը մսուրի մէջ» տեսարանը։
Երեխաների հագուստն էլ էր օրւան համապատասխան՝ տօնական ու շատ գեղեցիկ։ Նրանք երգեցին թէ՛ հայերէն, եւ թէ՛ անգլերէն լեզուներով։ Երգացանկում տեղ էր գտել նաեւ Տ. Բաբգէն եպս. Չարեանի եւ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի համատեղ գրւած «Ամանոր» երգը, որը գեղեցիկ կերպով կատարեց խումբը։ Նրանք երգեցին նաեւ Ծննդեան շարականներ, իսկ նրանց կատարմամբ Ամանորի երգերի շարանը շատերին տարաւ իրենց մանկութեան յիշողութիւնների գիրկը եւ այնքան ոգեւորութիւն էր առաջացրել դահլիճում, որ դրանց կատարման կրկնութեան առաջարկներով՝ կրկին կատարւեց։ Համերգի աւարտին այցելեց Ձմեռ պապիկը՝ բերելով նւէրներ՝ երգչախմբի անդամ-անդամուհիներին։
Համերգից յետոյ՝ Այլին Քեշիշեանը ծրագրի իրականացման համար շնորհակալութիւն յայտնեց Համայնքային վարչութեանը՝ իր մշտական հովանաւորութեան համար, երգչախմբի ծնողական յանձնախմբին, Հարմա Կարապետեանին ու Նորվան Աղախանեանին եւ բոլոր նրանց, որոնց շնորհիւ՝ կայացել էր համերգը։
Վերջում բեմ հրաւիրեց Սրբազան Հօրը՝ իր հայրական խօսքը փոխանցելու համար։ Սրբազան Հայրը իր գնահատանքի խօսքն ասաց Տ. Անանիա վրդ. Գուճանեանին, որի շնորհիւ՝ կազմաւորւեց «Նարօտ» երգչախումբը եւ այսպիսի գեղեցիկ ու խանդավառ ելոյթ պարգեւեց բոլորին։ Նա իր խօսքը շարունակեց՝ ասելով. «Ահաւասիկ, Ամանորեայ եւ Սուրբ Ծննդեան տօնական ուրախ մթնոլորտում ենք եւ «Նարօտ» երգչախումբը կարողացաւ մեր Փրկչի, Խաղաղութեան Իշխանի ծննդեան աւետիսը փոխանցել մեզ։ Պատիւ իրենց, պատիւ Հայր Սուրբին, պատիւ Շահինշահրի հայ համայնքին, շարունակենք այսպէս ապրել խանդավառ, յոյսով ու հաւատքով։ Շնորհաւոր Նոր տարի եւ Ս. Ծնունդ»։
Ներկաները մեծ բաւականութեամբ եւ ուրախ՝ թողեցին դահլիճը։ «Նարօտ» երգչախմբին ցանկանում ենք՝ յարատեւութիւն եւ նորանոր վերելքներ։



Post your comment