• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
    • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Հայաստան | Հնամաշ ոգեւորություն

Հնամաշ ոգեւորություն

07 February, 2010 06:48:00 Ժամանակ
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Ժամանակ

Արամ Ամատունի 

Կարծես թե Միացյալ Նահանգները շատ խիստ է բարկացել Թուրքիայի վրա: Դրա մասին է վկայում, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը որոշել է մարտի 4-ին նշանակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկում:
Հետո կքննարկվի բանաձեւը Ներկայացուցիչների պալատում քննարկելու հարցը: Գրեթե կասկած չկա, որ գործ ունենք ոչ թե պատմական արդարության ծարավի, այլ ընդամենը քաղաքական շահի հետ, որ հետապնդում է ԱՄՆ-ը:

Գաղտնիք չէ, որ հայերի ցեղասպանության հարցը ԱՄՆ համար միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարաբերվելու ամենաարդյունավետ գործիքներից մեկը, ու այն միշտ հնարավորություն է տվել Միացյալ Նահանգներին Թուրքիային պահել որոշակի մամլիչի տակ: Թեեւ Թուրքիան ամենեւին էլ թույլ պետություն չէ միջազգային հարաբերություններում, բայց հայերի ցեղասպանության խնդիրը այդ երկրի համար միշտ էլ եղել է ամենացավոտներից մեկն ու թերեւս միշտ էլ կաշկանդել է, ու գուցե բավական երկար ժամանակ կաշկանդելու է Թուրքիային նրա աշխարհաքաղաքական հավակնությունների հարցում: Հարցը տվյալ դեպքում այն է, թե ինչու է Միացյալ Նահանգները կրկին դիմել այդ գործուն միջոցին, որից հրաժարվել էր անցած մեկ-մեկուկես տարվա ընթացքում: Անցած մեկուկես տարվա ընթացքում Նահանգներն իր այդ «հրաժարումը» պատճառաբանում էր հայ-թուրքական հաշտեցմանը չխոչընդոտելու հանգամանքով: Ուրեմն, ինչ է ստացվում: Ստացվում է, որ այժմ Նահանգները չունի խոչընդոտելու մտավախություն: Արդյո՞ք այդպիսի մտավախություն չկա, որովհետեւ պարզապես էլ չկա հաշտեցման գործընթաց, եւ հայերն ու թուրքերը, դատելով երկու երկրների վերնախավերի հայտարարություններից, այժմ ավելի լարված վիճակում են, քան այն ժամանակ, երբ հաշտեցման գործընթացը դեռ չէր սկսել կամ չէր դարձել հրապարակային: Բայց չէ՞ որ Նահանգները նաեւ հայտարարում է այն մասին, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը պետք է շարունակվի: Հետեւաբար, ինչո՞ւ է Նահանգները այդ մասին հայտարարելով հանդերձ, հանկարծ որոշել Կոնգրեսի հանձնաժողովում քննարկել Ցեղասպանության մասին բանաձեւը:

Ստացվում է` ինչպես հայտնի ֆիլմում. «Նա, ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի»: Այն, ինչը մեկ տարի առաջ խանգարում էր, հիմա կարող է դիտվել որպես օգնող գործոն: Խոսքը հենց Ցեղասպանության հարցի մասին է, որով Նահանգները ըստ երեւույթին փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որ այդ երկիրը առաջ շարժվի հայ-թուրքական հաշտեցման գործընթացում: Բայց այդ դեպքում ստացվում է, որ կամ Նահանգները պետք է մինչեւ վերջ հասցնի Ցեղասպանության բանաձեւի ընդունման գործընթացը, կամ էլ Թուրքիան պետք է առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում քայլ կատարի հայ-թուրքական գործընթացի հաշտեցման, մասնավորապես արձանագրությունների վավերացման ուղղությամբ: Սակայն պետք չէ բացառել եւ այն, որ չի լինի թե՛ մեկը, թե՛ մյուսը: Այսինքն` թե՛ Ցեղասպանության բանաձեւը չի անցնի այն ճանապարհը, որն ակնկալում են, ասենք, Հայաստանը եւ հայությունը, թե՛ Թուրքիան չի կատարի որեւէ վճռորոշ քայլ դեպի հայ-թուրքական արձանագրությունների վավերացում եւ սահմանի բացում:

Բանն այն է, որ Միացյալ Նահանգների համար գուցե թե՛ հաշտեցման գործընթացը, թե՛ Ցեղասպանության մասին բանաձեւը ընդամենը Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու միջոց են, բայց բոլորովին այլ հարցերի, ավելի կարեւոր ռազմավարական խնդիրների կապակցությամբ, որոնք ավելի լայն են, քան զուտ հայ-թուրքական հարաբերությունը, նույնիսկ ավելի լայն են, քան Հարավային Կովկասի իրադրությունը: Այսինքն` Նահանգները փորձում է Թուրքիայի վրա ճնշում բանեցնել եւ ինչ-որ հունի մեջ տեղավորել Թուրքիային հայ-թուրքական հաշտեցման գործընթացով, բայց երբ այդ ուղղությամբ Թուրքիան դիմադրում է, ԱՄՆ-ն անցնում է «լուսնի հակառակ կողմին» եւ փորձում է Թուրքիային նեղել կամ պահանջներ ներկայացնել արդեն Ցեղասպանության խնդրի օգնությամբ, բայց ոչ թե դրանով ստիպելով բացել հայ-թուրքական սահմանը, այլ հետապնդելով շահ հենց այն ավելի լայն շրջանակով, որում ԱՄՆ համար կարող է հետաքրքրություն ներկայացնել Թուրքիան: Այդ տրամաբանությունն էլ հուշում է, որ Միացյալ Նահանգները, թերեւս, դեռ երկար ժամանակ իրեն չի զրկի հայերի ցեղասպանության խնդրի ընձեռած այն հնարավորությունից, որ ունի Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու առումով: Գուցե այս անգամ բանաձեւը մի փոքր ավելի երկար ճանապարհ անցնի, ինչը ԱՄՆ համար ձեռնտու է նաեւ այն իմաստով, որ եթե կարողանան այլեւայլ միջոցներով բանաձեւի քննարկման եւ քվեարկության գործընթացը հասցնել մինչեւ ապրիլի 24 եւ անցկացնել անդին, ապա այդ դեպքում հայկական համայնքը միգուցե ավելի քիչ պահանջներ կունենա ապրիլի 24-ին նախագահ Օբամայի ելույթի կապակցությամբ, եթե այդ օրերին Կոնգրեսի հանձնաժողովում շրջանառության մեջ լինի եւ քվեարկության շեմին լինի Ցեղասպանության մասին բանաձեւը: Դա հնարավորություն կտա պատասխանատվությունը կոնկրետ Օբամայի վրայից տարածել Կոնգրեսի վրա, ինչը ամենեւին էլ նույն բանը չէ, եթե չասենք, որ լիովին այլ բան է:

Հայաստանում, իհարկե, անթաքույց ուրախություն է, թե՛ բանաձեւի երեւան գալու առումով, թե՛ այն առումով, որ ԱՄՆ-ը փաստորեն բավական խիստ եւ անբարյացկամ է տրամադրված Թուրքիայի հանդեպ, ինչը հայկական իշխանական միտքը ընկալում է որպես անուղղակի աջակցություն Հայաստանին: Այստեղ է թերեւս, որ գործ ունենք քաղաքականություն կամ աշխարհաքաղաքականություն երեւույթի, մեղմ ասած, թյուր ընկալման հետ: Երբ մեկը գժտվում է մեր հակառակորդի կամ մրցակցի հետ, այն էլ մեզ վերաբերող հարցում, այդ գժտությունն ուղիղ համեմատական է դառնում դրանից մեր հրճվանքին, քանի որ թվում է, որ այդ մեկը, որ պետությունն էլ որ դա լինի, հենց մեր սիրույն է գժտվել մեր հակառակորդի կամ մրցակցի հետ: Բայց վերջում, որպես կանոն, պարզվում է, որ մեզ ընդամենը օգտագործել են, երբեմն կոպտորեն, երբեմն քնքշորեն, բայց մեծ հաշվով` բավական բացահայտ եւ հանդուգն կերպով: Դրա վառ վկայությունը հենց այն է, որ հայ-թուրքական գործընթացը, որն ընթանում էր միջազգային հանրության ուռաների ներքո, ներկայումս մտել է փակուղի, ընդ որում` կարծես թե էլ ավելի լարելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունը: Մեկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեկ Ռուսաստանը, մեկ Եվրոպան իրենց հարաբերություններն են պարզում Թուրքիայի հետ, բայց բոլորի ձեռքին նույն գործիքն է` Հայաստան: Իսկ գործիքը դրանից ոչ թե մտահոգվում է, որ կարող է մաշվել ձեռքից ձեռք անցնելով, այլ ոգեւորվում է:

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
All polls
Գնահատէք այս թեման
5.00
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio