ՀՀ արտգործնախարարի հանդիպումը Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի հետ
Հունվարի 26-ին կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Լիտվա:
Էդվարդ Նալբանդյանի վիլնյուսյան օրակարգը ներառում էր հանդիպումներ Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի, արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի եւ Սեյմի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի ու խորհրդարանի անդամների հետ:
Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի եւ Էդվարդ Նալբանդյանի զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվեց վերջին տարիների հարաբերությունների դինամիկ զարգացումը, բարձրաստիճան հանդիպումները, փոխադարձ այցելությունները, Վիլնյուսում ՀՀ դեսպանության հիմնադրումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տնտեսական եւ մշակութային կապերի զարգացումը:
Լիտվայի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարը մանրամասն քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի լայն շրջանակ, տնտեսական համագործակցության առավել զարգացման ուղիները, գործարարների միջեւ կապերի ստեղծման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության, այդ ձեւաչափերում իրականացվող ծրագրերի, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ:



Post your comment