Իրան - Armenian Iranians News Portal - իրանահայեր: Իրանական իշխանությունները «շարունակում են խախտել իրենց քաղաքացիների իրավունքները» Իրանական իշխանությունները «շարունակում են խախտել իրենց քաղաքացիների իրավունքները» ================================================================================ tert.am on 24/02/2012 11:25:00 ԱՄՆ-ը քննադատել է իրանական դատարանի վճիռը, որով մահվան է դատապարտվել քրիստոնեություն ընդունած մի քաղաքացու: Նա մեղադրվում էր հավատափոպության մեջ, ինչի համար հարևան իսլամական հանրապետություն ամենախիստ պատիժն է նախատեսված: «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ` Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ Յուսեֆ Նադարխանիի նկատմամբ որոշումն Իրանի ստանձնած միջազգային պարտավորությունների, սեփական օրենսդրության ու հայտարարված կրոնական արժեքների հերթական «ցնցող խախտումն» է: Իրանական Rahsa News կայքէջի համաձայն` Նադարխանին կարող է «կախաղան բարձրացվել ցանկացած պահի»: Նադարխանին իսլամից հրաժարվել ու քրիստոնեություն է ընդունել երիտասարդ տարիքում: Նա Ռաշտ քաղաքի եկեղեցու հոգևոր հովիվն էր: 2009 թ.-ին նրան ձերբակալել են իսլամից հրաժարվելու մեղադրանքով, իսկ նախորդ տարի նա դատապարտել է մահապատժի: Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ քրիստոնեություն ընդունած տղամարդու նկատմամբ դատական գործընթացը և կայացված դատավճիռը ցույց են տալիս, որ իրանական իշխանությունները «շարունակում են խախտել իրենց քաղաքացիների իրավունքները»: ԱՄՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասնել Թեհրանի կողմից հոգևոր հովվի անհապաղ ազատ արձակմանը: