Ալիևը կրկին փորձեց մոլորության մեջ գցել սեփական հանրությանը
Հունիսի 29-ին կայացավ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի աշխատանքային այցը Բաքու: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այցի նպատակներից էր երկու երկրների գազային ընկերությունների միջև համաձայնագրի ստորագրումը, համաձայն որի ադրբեջանական «Շահդենիզ» հանքավայրից գազը 2010թ. արտահանվելու է Ռուսաստան: Ըստ մամուլում հրապարակված տեղեկատվության` կարծես թե, Դմիտրի Մեդվեդևին հաջողվել է համոզել Ալիևին` հրաժարվել արևմտյան բազմամիլիոնանոց ներդրումային խոստումներից:
Այս պարագայում ադրբեջանական քաղաքագետներին և վերլուծաբաններին, և ընդհանրապես` ողջ քարոզչամեքենային, այլ բան չէր մնում անել, քան ողջ գազային գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Բոլոր հրապարակումներում կարմիր թելով անցնում է այն միտքը, որ Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանին հակամարտության կարգավորման հարցում և ճնշումներ կգործադրի Հայաստանի նկատմամբ: Սակայն այն հավասարկշռված դիրքորոշումը, որը ներկայացվեց Դմիտրի Մեդվեդևի կողմից նախագահների համատեղ ասուլիսի ընթացքում, սթափեցրեց Ադրբեջանի քաղաքական մտքի «տիտաններին»:
Ասուլիսում Ռուսաստանի ղեկավարը մասնավորապես նշեց, որ իր կարծիքով, ամենակարևորն անգամ այն չէ, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները գոյություն ունեն, դրանք ոչ ոք չի հերքում, այլ այն, որ կողմերը պատրաստ են բոլոր հարցերը քննարկել հենց այդ ոգով և հակամարտությունը կարգավորել այդ հիմնարար սկզբունքների հիման վրա:
Իսկ Իլհամ Ալիևը կրկին փորձեց մոլորության մեջ գցել սեփական հանրությանը` հայտարարելով, թե իբր շարունակում են ուժի մեջ մնալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովի բանաձևերը: Մինչդեռ Լիսաբոնում որևէ բանաձև կամ որոշում Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել, այլ ընդամենը գործող նախագահողի հայտարարություն, որը, բնականաբար, իրավական ուժ ունենալ չէր կարող:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում ցանկացած որոշում կամ բանաձև և նույնիսկ հայտարարություն ընդունվում է բացառապես կոնսենսուսի սկզբունքի հիման վրա, սակայն 1996թ. դեկտեմբերի 3-ին կայացած Լիսաբոնյան գագաթաժողովին նման բան տեղի չի ունեցել:
Այս հայտարարությամբ նախագահ Ալիևը, փաստորեն, միջազգային հանրությանը հերթական անգամ ի ցույց դրեց իր «փայլուն» գիտելիքները միջազգային հարաբերությունների ոլորտում: Սակայն կա նաև երկրոդ բացատրությունը. նա կամ լավ չի ըմբռնել, թե ինչ է կատարվել Լիսաբոնում, կամ կրկին դիմել է արդեն սովորական դարձած փաստերի աղավաղման մարտավարությանը: Նման փորձ նա արել էր նաև վերջերս` հայտարարելով, թե ՄԱԿ-ի ԱԽ-ում ադրբեջանական բանաձևին կողմ են քվեարկել ՄԱԿ անդամ երկրների ճնշող մեծամասնությունը: Համաձայնեք, որ մաթեմատիկական ոչ մի համակարգում երբեք 192-ից 39-ը մեծամասնություն չի եղել, այն էլ ճնշող: Այնպես որ, մոտ ապագայում սպասենք Ադրբեջանի առաջնորդի փաստախեղաթյուրման նոր դրսևորումների:




Պատգամներ (0 posted):
Գրանցէք ձեր պատգամը