«Ուոլ սթրիթի»-ի էջերում Իլհամ Ալիևին հակադարձել է Վիգեն Սարգսյանը
«Գնալով մեծանում է հավանականությունն այն բանի, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահամը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները կտապալվեն»,- այսպիս եզրահանգման են եկել հեղինակավոր «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» (The Wall Street Journal) պարբերականի վերլուծաբաններ Մարկ Չեմպիոնը, Մարկուս Ուոլքերն ու Ստեփան Ֆիդլերը:
«Հայ-թուրքական արձանագրությունները բախվել են խոչընդոտների» հրապարակման մեջ նրանք անդրադարձել են հարավկովկասյան իրողություններին ու դիտարկել առկա ինտեսնիվ գործընթացների հանգուցալուծման հնարավորությունները:
Հեղինակները, մասնավորապես, անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս փուլին:
«Հայաստանը պնդում է, որ հոկտեմբերին ստորագրված արձանագրությունները վավերացվեն հնարավորինս շուտ, մինչդեռ Թուրքիան չի շտապում այդ բանն անել»,- գրում են հեղինակներն ու նշում, որ իրավիճակը էլ ավելի է բարդացրել Իլհամ Ալիևը, ով իրենց հետ հարցազրույցում հայտարարել է, թե Թուրքիան չպետք է վավերացնի այդ փաստաթղթերը:
«Տարածաշրջանում փոխըմբռնում կա այն հարցի շուրջ, որ Հայաստանը պետք է առաջին քայլն անի և սկսի ազատել զբաղեցրած տարածքները»,- հայտարարել է Իլհամ Ալիևը` նշելով, որ թեև նախկինում քննադատել է Թուրքիայի մոտեցումը, սակայն այսօր բավարարված է Անկարայի դիրքորոշումամբ:
Նկատելի է, որ Իլհամ Ալիևը «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ»-ի նման հեղինակավոր լրատվամիջոցին տված հարցազրույցում փորձել է նենգափոխել իրականությունը` պնդելով, թե հայկական կողմի միակողմանի զիջումների անհրաժեշտության հարցում ողջ տարածաշրջանում փոխըմբռնում կա:
Ըստ երևույթին, Ադրբեջանի նախագահը չգիտի, որ տարածաշրջանային այնպիսի երկիր, ինչպիսին Ռուսաստանն է, ի դեմս այդ երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի, ընդդիմացել է ոչ միայն երկու գործընթացները փոխկապակցելու մոտեցումներին, այլև այդ խնդիրների լուծման հեռանկարների առումով դա աննպատակահարմար է համարել:
Ավելին` Ռուսաստանն այդկերպ հաստատել է տարածաշրջանի մեկ այլ երկրի` Հայաստաին դիրքորոշումը, որը տվյալ դեպքում ոչ միայն կարևորագույնն է, այլև համընկնում է ողջ միջազգային հանրության դիրքորոշման հետ` բացառությամբ Անկարայի ու Բաքվի: Այլ կերպ ասած` Իլհամ Ալիևի պնդումը ճիշտ կարող է լինել միայն այն տարածաշրջանի դեպքում, որտեղ Ադրբեջանից ու Թուրքիայից բացի այլ երկիր ընդգրկված չէ:
Պետք է նկատել, որ ամերիկացի հեղինակները ձգտել են հավասարակշռված լուսաբանել առկա գործընթացները և այդ իսկ պատճառով համարժեք մեկնաբանություններ են խնդրել նաև հայկական կողմից:
Իլհամ Ալիևի պնդումներին «Ուոլ Սթրիթի» էջերում հակադարձել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:
Նա ամերիկյան պարբերականի հետ զրույցում ընդգծել է, որ Հայաստանը մտադիր է ստորագրված փաստաթղթերը ներկայացնել խորհրդարանին` վավերացնելու համար, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ պատրաստվում են օրեսնդրական համապատասխան փոփոխություններ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի հետ կանչել փաստաթղթերի տակ դրված ստորագրությունը:
«Ուոլ սթրիթ Ջոռնըլ»-ի հեղինակները նկատել են, որ Թուրքիայի ղեկավարները փորձում են վավերացումը կապել ղարաբաղյան բանակցությունների հետ, որոնցում վերջին 15 տարիների ընթացքում նկատելի առաջընթաց չի եղել: Մինչդեռ, հեղինակների կարծիքով, ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որի առթիվ ելույթ է ունենալու նաև ԱՄՆ նախագահը, որոշակի կոշտ մթնոլորտ է ստեղծում. մինչ այդ արձանագրությունների վավերացման հարցը կարող է սուր կերպով դրվել:
Նկատելով, որ Թուրքիայի ղեկավարները պարբերաբար փոխկապակցում են կարգավորման գործընթացը ղարաբաղյան բանակցությունների հետ` ամերիկյան պարբերականը գրում է, որ ստորագրված արձանագրություններում այդ մասին որևէ հիշատակում չկա:
Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի բարձրաձայնած մտահոգություններին, «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ»-ը նշել է, որ Վիգեն Սարգսյանի համոզմամբ դրանցում լրացուցիչ պայմաններ ներառված չեն:
«Ուոլ սթրիթ Ջոռնըլ»-ը ներկայացրել է նաև տվյալներ Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` նշելով, որ այդ խնդիրներով են պայմանավորված երկու հարևանների` Հայաստանի և Թուրքիայի բարդ հարաբերությունները:
Ըստ ամերիկացի փորձագետների, 2008թ. Վրաստանում տեղի ունեցած պատերազմը կողմերին ստիպել է, հարաբերությունները կարգավորել, սակայն վերջին պահին Թուրքիայի ղեկավարները տեղի տալով ներքին դիմադրությանն ու Ադրբեջանի ճնշումներին, սկսել է հրաժարվել փաստաթղթերը վավերացնելուց:
Հեինակների պնդմամբ, սակայն, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Եվրամիությունն ակտիվ աջակցություն են ցուցաբերում այս գործընթացին և հայտարարել են, որ այն կկայունացնի տարածաշրջանի վիճակը:
Անդրադառնալով գործընթացի խափանման հնարավորություններին` «Ուոլ սթրիթ ջոռնըլ»-ը մեջբերել է Վիգեն Սարգսյանին.
«Եթե այս հնարավորությունը ձեռքից բաց թողնվի, ապա այն ողջ տարածաշրջանը հետ կշպրտի, և ոչ թե այնտեղ, որտեղից սկսել ենք, այլ` ավելի հեռու»:
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
Գնահատէք այս թեման




Պատգամներ (0 posted):
Գրանցէք ձեր պատգամը